Զարմանալի է, բայց գեղանկարիչ Անդրեյ Շուգարովի աշխատանքներին լրջորեն ծանոթացա բոլորովին վերջերս։ Առանձին աշխատանքներ տեսել էի ցուցահանդեսներում, նկարահավաքների մոտ, և միշտ ցանկություն էր առաջանում մոտիկից ծանոթանալու նկարչի ստեղծագործություններին, հատկապես որ գեղանկարիչ եղբայրս՝ Վարուժան Վարդանյանը, ով շատ ժլատ էր գովեստի խոսքեր շռայլելու մեջ, հաճախ էր խոսում Անդրեյի մասին՝ որպես ընկերոջ և որպես, իր խոսքերով ասած, «շնորհքով նկարչի»։ Ու այս` վերը ասվածի մեջ ես համոզվեցի, երբ անձամբ եղա նկարչի արվեստանոցում և տեսա, թե որքան բազմաժանր է արվեստագետ Շուգարովը։
Անդրեյի աշխատանքների մեջ զգալի թիվ են կազմում ձիեր պատկերող կոմպոզիցիաները։ Դրանց մեծ մասում պայքարի մեջ մտած ձիեր են՝ բարդ, երբեմ էլ գրեթե անհասկանալի ռակուրսներով, անսովոր ձևերով ու դիրքերով: Այս կոմպոզիցիաներում հեղինակը, տուրք տալով իր համարձակ երևակայությանն ու ազատության շեշտեր դնելով վրձնահարվածների մեջ, սրում ու խորը դրամատիզմ է հաղորդում տեսարաններին։ Եվ ճշգրտությունը, որով նկարիչը կտրուկ, շեշտված գծաձևերով ստեղծում է թե՛ ծառս եղած և թե՛ գետնին տապալված, չռված աչքերով ու օգնություն հայցող ձիերին, խոսում է արվեստագետի բարձր վարպետության մասին։
Ի հակադրություն ձիեր պատկերող կոմպոզիցիաների՝ Շուգարովը շատ զուսպ և զգայուն է բնանկարներում։ Դրանք զուտ բնօրինակից արված ընդօրինակություններ չեն, որքան էլ ռեալիզմը դրանցում բավականին խորն է արտահայտված։ Կիրառելով տարատեսակ արտահայտչաձևեր ու մջոցներ՝ Անդրեյը ստեղծում է կատարման տեսակետից իրարից հստակորեն տարբերվող մակերեսներով ու քսվածքներով կտավներ։ Կան աշխատանքներ, որ այնքան թեթև, նուրբ ու թափանցիկ են արված, որ առաջին հայացքից ասես մի սեանսում արված ջրաներկի տպավորություն են թողնում, իսկ երբեմ էլ խիտ, թանձր քսվածքով, երկար ժամանակում արված գործեր են, որոնցում Անդրեյը, զուտ իրեն հայտնի հատուկ հնարք կիրառելով, հաստ վրձնահարվածների վրա «նստեցնում» է ասես կետերով դրված շերտեր, որոնցով կտավի վրա ստեղծում է յուրօրինակ թրթռուն ու շողշողուն երփներանգումերով մակերեսներ։ Բնությունը կարծես արթնանում է ու առկայծում՝ մի առանձին գրավչություն տալով աշխատանքներին։
Լինեն դրանք գյուղական, սևանամերձ թե անտառային տեսարաններ, հեղինակը մի առանձին գորովանքով է մոտենում հայրենի բնությանը՝ յուրատեսակ «հոտառությամբ» գտնելով գեղանկարչական զարմանահրաշ պատկերներ։ Ճիշտ է, նրա նկարներում քիչ ենք հանդիպում նատյուրմորտների, բայց այդ սակավաթիվ աշխատանքները, որ կատարված են մեծ, հստակ գունածավալներով, լույսի ու ստվերի կտրուկ անցումերով ու հնչեղ կոլորիտով, այնքան տպավորիչ են, որ անպայմանորեն դրոշմվում են ու մում հիշողությանդ մեջ։ Անդրեյ Շուգարովի աշխատանքներում առանցքային դեր ունեն դիմանկարները։ Դրանցում նկարիչը, ճշմարտացի պատկերումից բացի, աշխատում է գտնել ու վեր հանել բնորդի խառնվածքը։
Որքան էլ բազմաժանր գեղանկարիչ է Անդրեյը, միևնույն է, ձիեր պատկերող կոմպոզիցիաներն են նկարչին ճանաչում բերել։ Դրանք թերևս կարելի է համարել արվեստագետի «այցեքարտը»...